Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ո՛չ պետականն է մի բան, ո՛չ մասնավորը

Ո՛չ պետականն է մի բան, ո՛չ մասնավորը
10.04.2009 | 00:00

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նախորդ տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը ստուգումներ, ուսումնասիրություններ, մշտադիտարկումներ է իրականացրել հանրապետության ավելի քան 400 նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Կրթության պետական տեսչության գնահատման և վերլուծության բաժնի պետ Արա Մովսիսյանի տեղեկացմամբ, ստուգումների, ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում բացահայտված խախտումների վերացման նպատակով ուսումնական հաստատությունների տնօրեններին և կառավարման խորհուրդներին ՀՀ կրթության պետական տեսչության պետի կողմից տրվել է կատարման համար պարտադիր 182 հանձնարարական, ինչպես նաև առաջարկություններ են ներկայացվել մարզային և համայնքային մարմիններին։ Լիազոր մարմիններին ներկայացվել են նաև կարգապահական տույժի ենթարկելու հետ կապված առաջարկություններ, որոնց մի մասն իրականացվել է։ Յոթ տնօրեն ստացել է խիստ նկատողություն, երեք տնօրենների հետ դադարեցվել է աշխատանքային պայմանագիրը:
Տեսչության գնահատման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ ՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, խոսելով կրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի մասին, նշեց, որ այն բավականին բաց է, և կան որոշ հակասություններ, որոնց առնչությամբ տեսչությունը ԿԳ նախարարին է ներկայացրել իր առաջարկությունները։ Հ. Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ նախարարի հրամանով թեմատիկ ստուգումներ են իրականացվել հանրապետության 49 ոչ պետական դպրոցներում, որտեղ արձանագրված խախտումները բավական շատ են և բազմաբնույթ։
Գրեթե բոլոր ոչ պետական դպրոցներում չի պահպանվում հանրակրթական ուսումնական պլանը։ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար ուսպլանը մեկն է: Ուսպլանում որևէ փոփոխություն կատարելու համար պարտադիր է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությունը, սակայն դպրոցները հիմնականում չեն պահպանել տվյալ պահանջը»,- նշեց Հռիփսիմե Խաչատրյանը։ Եվ եթե շեղումներն առկա են նաև բարձր վարկանիշ ունեցող մասնավոր դպրոցներում, այդ դեպքում ի՞նչն է այդքան գրավում ծնողներին, որ աշխատում են իրենց երեխաներին տանել ոչ թե պետական, այլ մասնավոր դպրոցներ։ «Մասնավոր դպրոցները հոգում են աշակերտների տեղափոխության հարցերը, դասարաններում պետական դպրոցների համեմատությամբ աշակերտների խտությունն անհամեմատ ցածր է: Աշխատող մարդուն ձեռնտու է, որ երեխային տանեն դպրոց, հոգան նրա սննդի հարցը, օգնեն կատարելու տնային առաջադրանքները։ Բայց չենք կարող միանշանակ ասել, որ դրանով կրթության բարձր որակ է ապահովվում։ Մասնավոր դպրոցներում աշակերտներին տրվել են նաև թեստային աշխատանքներ, որոնց արդյունքներն ամենևին էլ գոհացուցիչ չեն»,- ասում է կրթության պետական տեսչության ներկայացուցիչը։ Նրա հավաստմամբ՝ կոռուպցիոն ռիսկերն իրենց կառույցում հասցված են նվազագույնի. տեսուչները խիստ վերահսկողության տակ են գտնվում։ Տեսչության գործունեությունը հրապարակային է, ինչի պայմաններում կտրուկ նվազում են կոռուպցիայի հնարավորությունները։ Տեսչավորման գործընթացներում ներգրավվում են նաև մասնագետներ բուհերից, կրթության ազգային ինստիտուտից, ներկայացուցիչներ մարզպետարաններից, հասարակական կազմակերպություններից։
Տեսչության ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ բավականին մեծ թիվ են կազմում մասնագիտական մանկավարժական կրթություն չունեցող մանկավարժները։ Այս գործընթացն ակնառու է հատկապես նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչության պետի տված հանձնարարականների արդյունքում մանկավարժական ոչ մասնագետ կադրերին փորձում են փոխարինել նորերով, կամ աշխատող կադրերի որակավորումը համապատասխանեցնում են ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման պահանջներին:
2009-ին տեսչության աշխատանքային ծրագրերի բովանդակությունը միտված է ուսումնական հաստատություններում կրթության որակի բացահայտմանն ու գնահատմանը, որը համալիր մոտեցում է պահանջում՝ սկսած մանկավարժական բուհերի ուսումնական ծրագրերի կատարելագործումից և արդի կրթական պահանջներին համապատասխան մանկավարժների պատրաստումից, մինչև կրթության բնագավառը կարգավորող իրավական ակտերի հստակեցում և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունում:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3457

Մեկնաբանություններ